Կրթական համակարգի անցումը 12-ամյա ուսուցման ենթադրում է 6 տարեկան երեխաների ընդգրկումը հանրակրթության մեջ:
Հանրակրթության պետական կրթակարգի համաձայն` հանրակրթության գլխավոր նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը: Դա նշանակում է, որ պետք է թե’ դասերի ժամանակ և թե’ աշակերտի, ուսուցչի և դպրոցի փոխհարաբերություններում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կբացահայտի երեխաների հնարավորությունները, կնպաստի նրանց հոգևոր ներուժի զարգացմանը և ստեղծագործական ակտիվությանը:
Իմ կարծիքով` ուսումը պետք է հաճույք դառնա աշակերտի համար: Միայն հետաքրքիր և անկաշկանդ միջավայրում կբացահայտվեն սովորողի ներքին հնարավորությունները: Դասերը պետք է անցկացնել ակտիվ ստեղծագործական մթնոլորտում, որովհետև ձանձրույթը մտքի թշնամին է: Անհրաժեշտ է օգնել, որ երեխան կարողանա ստեղծագործաբար մտածել և ինքնուրույն աշխատել:
Այս ամենի պատասխանատուն և իրականացնողը ուսուցիչն է: Նա պետք է լինի հետազոտող, ստեղծագործաբար մոտենա իր աշխատանքին, պարբերաբար ընդլայնի իր իմացության ոլորտը: Հայտնի մանկավարժ և հոգեբան
Ռ. Շտայները շատ դիպուկ է բնորոշել դպրոցահասակ երեխայի հոգեբանական կարևոր առանձնահատկությունները. «Երեխան այս տարիքում թևակոխում է այնպիսի շրջան, երբ նրա կյանքում առաջին պլան է մղվում այն հեղինակությունը, որը նա տեսնում է իր ուսուցչի մեջ: Կրտսեր դպրոցականի համար ուսուցիչը դասավանդվող առարկայից ավելի կարևոր է: Այս տարիքի երեխայի համար շատ ավելի կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է տրվում, այլև այն, թե ինչպես է տրվում»:
Մեր դպրոցում ստեղծված է ներդաշնակ աշխատանքային մթնոլորտ: Դպրոցում աշխատում են մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժներ, որոնք սիրում են երեխաներին և իրենց աշխատանքը կատարում են մեծագույն պատասխանատվությամբ:
Չեխովականները սիրում են իրենց դպրոցը: Սա մեր ամենամեծ հաջողությունն է: