Սուսաննա Պողոսյան

|
Նախ ինքդ պետք է լինես այնպիսին, ինչպիսին ուզում ես տեսնել աշակերտիդ: Կրյուչևսկի
Ավարտել եմ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Տարրական ուսուցման մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետը 1983թ-ին և աշխատում եմ դպրոցում առ այսօր:
Դպրոցն իմ տունն է, դասարանը` ընտանիքս:
Նվիրվում եմ աշակերտներիս անմնացորդ, տալիս եմ հոգուս ջերմությունն ու ինքս էլ ջերմանում եմ նրանց ժպիտով:
Յուրաքանչյուր երեխայի մեջ տեսնում եմ անհատի, թափանցում եմ նրանց ներաշխարհը, փորձում եմ գտնել ու վեր հանել, բարձրացնել նրանց հոգու այն ծիլը,որը քնած է ու դարձնել ծաղկուն մի ծառ:
Գտնում եմ, որ պետք է երեխային աշխատեցնել, բայց ոչ ստիպողաբար: Նախ պետք է նրան աշխատել սովորեցնել, սովորել սովորեցնել: Ուսումնասիրվող հարցերի շուրջ փորձում եմ հետաքրքրություն առաջացնել նկարների, երգերի, խաղերի, հետաքրքրաշարժ պատմությունների միջոցով: Պետք է գտնել փոքրիկի հոգու թրթռուն լարերը և… կհասնենք արդյունքի:
Երեխան ինքն այդ դեպքում կպրպտի, կփնտրի ու ինքնուրույն կգտնի իրեն հուզող հարցերի պատասխանները:
Նպատակս` դաստիարակել առողջ երեխա` առողջ, ինքնուրույն մտածելակերպով և այդ նպատակիս հասնելու համար կարևոր տեղ եմ հատկացնում ընթերցանությանը:
Հաճախակի կազմակերպում եմ զրույցներ, բանավեճեր որևէ թեմայի, ուսումնասիրվող դասանյութի շուրջ: Երեխաները արտահայտում են իրենց տեսակետը, լսում ենք տարբեր կարծիքներ` և մեղադրող, և արդարացնող: Այդպիսով` նրանք կարողանում են ճիշտ և,կարևորը, ինքնուրույն հանգել եզրակացության, սեփական կարծիքն արտահայտել բանավիճվող հարցի շուրջ:
Յուրաքանչյուր սերնդի հետ սովորում եմ նորովի:
«Սովորեցնել` նշանակում է կրկնակի սովորել»: Ժ.Ժուբերն
Փորձում եմ ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ բացահայտվեն յուրաքնչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները, որ նրանց համար սովորելը դառնա հաճույք:
|